понедельник, 4 марта 2013 г.

Բաոբաբ


Բաոբաբն աշխարհի ամենահաստաբուն ծառերից է։ Հայտնի է Բաոբաբի 8 տեսակ, որոնցից 7-ն աճում է Աֆրիկայի չոր սավանաներում, իսկ մեկն՝ Ավստրալիայում։ 10 մ բնի շրջանագիծ ունեցող ծառն ունի ընդամենը 18-25 մ բարձրություն։ Էլ ավելի մեծ է ծառի սաղարթը. գրեթե հորիզոնական դիրքով տարածվող հաստ ճյուղերը, որոնք սկիզբ են առնում ծառաբնի վերին մասից, կազմում են մինչև 40 մ տրամագծով սաղարթ։ Ձմռանը, երբ Աֆրիկայում չորային շրջան է, ծառի տերևները թափվում են և Բաոբաբն ընդունում է արտասովոր տեսք՝ այն նմանվում է արմատներն ի վեր աճող ծառի։
Ըստ աֆրիկյան ժողովուրդների առասպելի՝ Արարիչը Բաոբաբին տնկեց Կոնգո գետի հովտում, սակայն ծառը բողոքեց բարձր խոնավությունից։ Այնուհետև Արարիչը Բաոբաբին տնկեց Լուսնի լեռան լանջին, սակայն նա շարունակում էր բողոքել։ Տերը, զայրանալով, պոկեց ծառն ու նետեց աֆրիկյան չոր հողի վրա։ Այդ օրվանից Բաոբաբն աճում է արմատները դեպի վեր։
Բաոբաբն ունի փխրուն բնափայտ, որը, անձրևների շրջանում, սպունգի նման կուտակում է ջուրը։ Ծառի հաստ՝ 10 սմ-ի հասնող կեղևը ջուրը պաշտպանում է գոլորշանալուց։ Կուտակված ջուրը ծախսվում է չորային շրջանում։ Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին Բաոբաբը ծաղկում է։ Ծաղիկներն խոշոր են (20 սմ), սպիտակ, հնգաթերթ, վառ կարմիր առեճներով։ Նրանք բացվում են երեկոյան, ապրում են մեկ գիշեր՝ իրենց հոտով գրավելով չղջիկներին, որոնք էլ փոշոտում են ծաղիկները։ Առավոտյան ծաղիկները թոշնում են, արձակելով տհաճ հոտ և թափվում են։ Այնուհետև զարգանում են երկարավուն՝ սեխի կամ վարունգի նմանվող պտուղներ, որոնք պատված են հաստ, մազմզոտ կեղևով։ Պտուղներն ուտելի են, ունեն թթվաշ համ։ Դրանք շատ են սիրում կապիկները, հատկապես՝ պավիանները, որի պատճառով ծառն անվանում են նաև «կապիկների հացի ծառ»։

Комментариев нет:

Отправить комментарий